Հայաստանի իշխանությունները ոչ մի արտաքին քաղաքական տնտեսական հնարավորությունների նման կերպով չէին արձագանքել, ինչպես ռուսական շուկա գյուղմթերքներ արտահանելու հնարավորությանը, որ առաջացել է Ռուսաստանում եվրոպական ու ամերիկյան ապրանքների հանդեպ արգելքից հետո: Հայաստանի իշխանությունների ոգևորությունը մի քիչ նվազեցրեց Վերին Լարսի անցակետի հերթական խափանումը, սակայն միևնույն է` այս օրերին իշխանությունները շարունակում են փութաջանորեն պատրաստվել արտահանման ծավալներն ավելացնելու:
Եվ այս ամենի պատճառն այն է, որ իշխանությունները տեսել են ռեալ գումար վաստակելու ճանապարհ: Այսինքն` նրանք իրենց պատկանող ձեռնարկությունների արտադրանքը հույս ունեն արագորեն արտահանել Ռուսաստան և ավելի շատ գումար վաստակել, քան սովորական ռեժիմով արտահանումների դեպքում: Ահա սա է նման փութաջան արձագանքի պատճառը: Ահա թե ինչու Հայաստանի իշխանությունները նման կերպով չեն արձագանքում այլ տնտեսական նախագծերի, որոնց մասին խոսակցություններ կամ առաջարկներ են լինում արտերկրից:
Օրինակ` Հայաստանի իշխանությունները նման ձևով չեն լծվում Իրանից էժան գազի վերաբերյալ խոսակցությունները հնարավորությունների վերածելու գործին, կամ իշխանությունները նման ձևով չէին ոգևորվել Եվրաասոցացման շնորհիվ Հայաստանի համար եվրոպական շուկայում տնտեսական հնարավորությունների հեռանկարից: Որովհետև այդ ամենում գումար չկար, կամ այսպես ասած` մեջը փող չկար: Եթե մեջը փող չկա, իշխանություններին դա բացարձակապես հետաքրքիր չէ: Եթե որևէ նախագծի կամ հեռանկարի մեջ նաղդ փող չկա, ապա Հայաստանի իշխանությունների օրակարգից այն ավտոմատ դուրս է մնում, եթե իհարկե` այն դուրս է գտնվում նաև Ռուսաստանի օրակարգից:
Հայաստանի պետական և ազգային շահեր հասկացություններ իշխանությունների համար գոյություն չունեն: Շահերի մեջ փող չկա: Ավելին` շահերի հետևից որ ընկնեն, այսինքն` պետական կամ ազգային շահերի, ապա շատ դեպքերում ոչ միայն փողից կարող են զրկվել, այլ նույնիսկ հարկ կլինի երբեմն վճարել նույնիսկ սեփական գրպանից: Այնպես որ, պետական և ազգային շահերը շատ թանկ են նստում, և ավելի լավ է իզուր ժամանակ չվատնել այդ շահերը սպասարկելու վրա և ամենն ուղղել Ռուսաստանի շուկայում ինչքան հնարավոր է շատ ապրանք վաճառելուն, քանի որ նման պատմական հնարավորություն բաժին է ընկնում մի քանի տասնամյակը մեկ անգամ:
Իսկ հայկական իշխանությունների փիլիսոփայությունը հայտնի է՝ «մարդ մի անգամ է ծնվում»: