Ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծելով սպանելու փաստի առիթով հարուցված քրեական գործով դեռ նախաքննություն է ընթանում, իսկ հետախուզման մեջ գտնվող Վիկտոր Հովսեփյանը, որը ծեծի հիմնական մասնակից Գևորգ Սարգսյանի՝ Ջունգլի քրոջ որդին է, դեռ չի հայտնաբերվել:
Ազատամարտիկի քրոջ՝ Մարիետա Թումանյանի խոսքով՝ ներկա պահին ինչ-որ փորձաքննություններ են ընթանում, և հստակ ոչ մի բան չկա:
Մարիետա Թումանյանը պատմեց նաև, որ օրերս Ջունգլի ընկերները եկել են և որոշակի գումար են առաջարկել Վարդանի ընտանիքին՝ դա մեկնաբանելով իբրև փոխհատուցում թաղման ծախսերի և այլնի համար: Ընտանիքը, սակայն, հրաժարվել է նրանց տրամադրած օգնությունից: «Ես ասացի, որ մեզ էդ գումարը պետք չի, մենք չենք կարող մարդասպանի կամ մարդասպանի ընկերների ձեռքից գումար վերցնել: Մարդասպանների փողը մեզ հարկավոր չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տիկին Մարիետան: