Ուկրաինայի արևելքում մարտերի զոհ է դարձել ավելի քան 1 200 մարդ միայն վերջին ամսում, ընդհանուր թիվը հասել է 2 200-ի: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների՝ Ուկրաինայում իրավիճակի հարցերով գերագույն հանձնակատարի վարչության հերթական զեկույցին:
Կազմակերպության փորձագետները զգուշացնում են, որ խոսքը «պահպանողական գնահատականների» մասին է:
«Ուկրաինայի արևելքում բռնության և մարտերի զոհերի փաստացի թիվը, ամենայն հավանականությամբ, շատ ավելին է»,- նշվում է զեկույցում:
Փաստաթղթում նկատի է առնվում հուլիսի 16-ից օգոստոսի 17-ն ընկած ժամանակահատվածը: