ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը պատասխանել է Մեդիամաքս գործակալության հարցին:
Նախօրեին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատն ընդունել է ԼՂՀ անկախությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս բանաձևի ընդունումը, ի՞նչ զարգացումներ այն կբերի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացում:
Ողջունում եմ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատ և անկախ պետություն կառուցելու շարունակական ջանքերին հավանություն տվող ու սատարող բանաձևի ընդունումը։
Բանաձևը գալիս է փաստելու այն պարզ իրողությունը, որ այսօր քաղաքակիրթ հասարակությունը բարձր է գնահատում պետականաշինության գործընթացում Արցախի ունեցած ձեռքբերումները և ավելի ու ավելի է հանգում այն համոզման, որ ԼՂՀ-ն և նրա ժողովուրդն արժանի են դառնալ միջազգային հանրության լիարժեք անդամ:
Բանաձևի ընդունումը նաև հստակ ազդանշան է առ այն, որ Ադրբեջանի փորձերը՝ խափանելու Արցախի ժողովրդի և իշխանությունների ջանքերը՝ կերտել ազատ և ժողովրդավարական պետականություն, ապարդյուն են։
Համոզված եմ, որ ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացն ունենալու է իր տրամաբանական շարունակությունը՝ ապահովելով Արցախի ժողովրդի իղձերի իրականացումը: ։