ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջեն Պսակին հայտարարությամբ է հանդես գալիս լրագրող և իրավապաշտպան Իլհար Նասիբովի վրա դաժան հարձակման կապակցությամբ: Այս մասին հայտնում է Turan-ը՝ հղում անելով Պետդեպի հայտարարությանը:
«Մենք դատապարտում ենք օգոստոսի 21-ին Նախիջևան քաղաքում քաղաքացիական հայտնի ակտիվիստ Իլհար Նասիբովին՝ Ժողովրդավարության աջակցության ոչկառավարական կենտրոնի աշխատակցին ծեծի ենթարկելը, որը հոսպիտալացվել է ծանր վիճակում:
Նասիբովն ավելի քան 10 տարի հայտնի է որպես քաղաքացիական հասարակության հարգելի ակտիվիստ և իրավապաշտպան:
Ինչպես մենք հասկանում ենք, տվյալ իրավիճակում ոստիկանությունը և դատախազությունն անհապաղ հետաքննություն են սկսել: Մենք հանդես ենք գալիս արագ, ամբողջական և թափանցիկ հետաքննության և հարձակվողներին քրեական պատասխանատվության ենթարկելու օգտին:
Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել հիմնարար ազատությունների՝ արտահայտվելու, հավաքների և միավորումների պաշտպանության համար»,- ասվում է հայտարարության մեջ: