ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հետաքննում է ամերիկյան JP Morgan Chase & Co բանկից ցանցահենների կողմից տվյալների գողությունը: Հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի կեսին, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով հետաքննության հետ կապ ունեցող 2 աշխատակցի:
Նրանց տվյալներով՝ ցանցահենները միլիոնավոր գիգաբայթ գաղտնի տեղեկություն են գողացել, ընդ որում՝ այնքան հմտորեն, որ համակարգչային մասնագետները ենթադրել են, որ սովորական ավազակներ չեն եղել: ՀԴԲ-ն կասկածում է, որ ավազակները եղել են Ռուսաստանից և տվյալներ գողացել են ոչ առանց պետության օգնության:
ՀԴԲ-ն ստուգում է՝ արդյոք կապ կա՞ JP Morgan Chase-ի և ամերիկյան ու եվրոպական այլ բանկերի վրա հարձակումների միջև: Ենթադրություն կա, որ 1 խումբ է գործում: Ամեն անգամ նրանք տվյալներ են գողանում բանկերի աշխատակիցների, այդ թվում՝ ղեկավարների մասին: Տեղեկության մի մասը վերաբերում է հաճախորդներին:
Ապրիլին JP Morgan-ն արգելափակել է Աստանայում ՌԴ դեսպանատնից «Սոգազ» ընկերության հասցեով փոխանցումը, որի նկատմամբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել: ՌԴ ԱԳՆ-ն ամերիկացիների գործողություններն անվանել է «միջազգային իրավունքի կոպտագույն խախտում»՝ սպառնալով պատասխան միջոցներով: