«Քառյակը քառյակ է այնքանով, որ այս չորս ուժերը համաձայնում են ինչ-որ մի բան անել: Բայց մնացած բոլոր հարցերում քաղաքական ուժերն ունեն իրենց տարբեր մոտեցումներն ու տեսակետները»,- երեկ ԲՀԿ-ի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե քառյակում առկա տարաձայնությունները կարո՞ղ են այդ կառույցի պառակտման պատճառ դառնալ:
Ա. Ռուստամյանն ասաց, որ Սահմանադրական փոփոխությունների և Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկելու հետ կապված՝ քառյակում տարաձայնություններ կան: ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կողմ են Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքը վիճարկել Սահմանադրական դատարանում, իսկ ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» դեմ են: «Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների հետ կապված տարբերությանը, ապա դա վաղուց էր հայտնի: Նոր չի առաջացել, որ մենք կողմ ենք խորհրդարանական համակարգին, դա անկախությունից ի վեր հայտնել ենք: Մյուս քաղաքական ուժերն էլ պետք է ասեն, թե կողմ լինելով խորհրդարանական համակարգին՝ ինչու են համարում, որ հիմա դրա ժամանակը չէ»,- ասաց Ա. Ռուստամյանը: