Ֆրանսիայի իրավապահ մարմինները մեղադրանք են առաջադրել Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդին: Այս մասին ԱՄՀ ղեկավարը չորեքշաբթի օրը հայտնել է Agence France Presse-ին:
ԱՄՀ ղեկավարը մտադիր չէ հրաժարական տալ: «Ոչ,- ասել է նա՝ պատասխանելով հրաժարականի հնարավորության վերաբերյալ հարցին:- Ես այսօր օրվա երկրորդ կեսին վերադառնում եմ Վաշինգտոն»:
Երեքշաբթի օրը Լագարդը պատասխանել է Ֆրանսիայի Հանրապետական դատարանի դատավորների հարցերին, որը լիազորված է հետաքննել կառավարության նախկին անդամների իրավախախտումները, որոնք նրանք գործել են իրենց պաշտոնավարման ժամանակաշրջանում:
Հարցաքննությունը տևել է ավելի քան 15 ժամ, և դրա արդյունքներով ԱՄՀ ղեկավարին, որը նախկինում զբաղեցրել է Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, «հանցավոր անփութության» մեղադրանք է առաջադրվել:
«Հանրապետական դատարանի հետաքննական հանձնաժողովը որոշում է ընդունել ինձ հետաքննության տակ առնել պարզ անփութության հիման վրա,- Agence France Presse-ին հայտնել է Լագարդը:- Երեք տարվա հետաքննությունից, տասնյակ ժամերի հարցաքննությունից հետո հանձնաժողովը պարզել է, որ ես որևէ խախտման մասնակից չեմ եղել, և որոշել է, որ ես բավականաչափ աչալուրջ չեմ եղել Տապի ամուսինների ընկերության լիկվիդացիայի արբիտրաժի ժամանակ»: