Վաշինգտոնը փորձում է միջազգային կոալիցիա ձևավորել Սիրիայում «Իսլամական պետութան» զինյալների դիրքերի ուղղությամբ օդից համատեղ հարվածներ հասցնելու համար: Ամերիկյան The New York Times թերթի հաղորդմամբ՝ Պենտագոնը մտադիր է նաև ընդլայնել ռազմական գործողություններն Իրաքում:
«Մինչ Օբաման քննարկում է նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը, Սպիտակ տունը դիվանագիտական արշավ է սկսել, որի նպատակն է հասնել դաշնակիցների և տարածաշրջանի երկրների աջակցությանը չափավոր ընդդիմության նկատմամբ, ինչպես նաև ամերիկյան հնարավոր ռազմական գործողության տեսանկյունից մի շարք դեպքերում»,- գրում է թերթը:
«Այն երկրների թվում, որոնց աջակցությունը կհաջողվի ստանալ, ամենայն հավանականությամբ, կլինեն Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Հորդանանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և ԱՄԷ-ն»,- նշում է The New York Times-ը: Թերթի տեղեկությամբ՝ ԱՄՆ պաշտոնատար անձինք սպասում են, որ Մեծ Բրիտանիան և Ավստրալիան պատրաստ կլինեն մասնակցելու օդային հարվածներ հասցնելուն: