«Մենք 1990 թվականի օգոստոսի 23-ին հռչակեցինք Հայաստանը անկախ պետություն և դրանով հպարտանում ենք, չնայած ոմանք մեզ՝ հաղթողներիս դատում են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նախկին քաղբանտարկյալ, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Նրա խոսքերով՝ մենք ծնվել ենք պետականության արժեքային համակարգը մեր մեջ կրելով. «Մենք ժառանգել ենք դա, մեզանից առաջ մեր նախնիները դարեր շարունակ այդ ձգտումը պահել-պահպանել են: Այնպես չէ, որ մենք տափաստաններից դուրս եկանք ու առանց ծագման, առանց պատմության էինք, բայց շատ հարմար առիթ էր, ու մենք Հայաստանը անկախ հռչակեցինք»:
Արշակյանն ընդգծեց, որ մեր հայրենիքը առայժմ շատ երիտասարդ է, մատղաշ ու դեռահաս և պաշտպանության կարիք է զգում. «Մեր խնդիրն է այսօր պաշտպանել մեր պետությունը ոտնձգություններից՝ ինչպիսին ուզում է այդ ոտնձգությունը լինի, մեր պարտքն է պահպանել գոյություն ունեցող պետությունը և փոխանցել այն հաջորդ սերունդներին»:
Արշակյանի խոսքերով՝ շատ պետություններ ունեն աջակիցներ, իսկ մեզ խանգարում են, թույլ չեն տալիս, որ մեր պետությունը կայանա, անկախ լինի. «Նրանք մեր մասին ստեղծել են խեղճ, թափառական, չարչի ժողովրդի առասպել, իրենք էլ դրան հավատացել են ու ուզում են մեզ տեղավորել, խցկել իրենց ստեղծած առասպելի մեջ: Նրանք կոպիտ սխալ են թույլ տալիս, ու իրենք ընկնելու են իրենց թակարդի մեջ»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում: