Իրանը մերժել է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել Փարչինի ռազմական օբյեկտ՝ այսօր հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Հուսեին Դեհգանը: Այս մասին հայտնում է AFP-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՄԱԳԱՏԷ-ն կարծում է, թե Թեհրանից 30 կմ հեռավորության վրա գտնվող Փարչին ռազմաբազայում տեղակայված է ատոմային օբյեկտ:
2005-ից գործակալությունը բազմիցս փորձել է հասնել այնտեղ ստուգումների անցկացմանը, սակայն Իրանի իշխանությունները մշտապես մերժել են՝ պնդելով, թե Փարչինում գտնվում են ռազմական նշանակության ձեռնարկություններ, որոնց գործունեությունը կապված չէ իրանական միջուկային ծրագրի հետ, ուստի դրանք չեն համարվում միջազգային գործակալության հետ ստուգումներ անցկացնելու համաձայնագրով ստուգման ենթակա օբյեկտ:
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները հայտարարել են, որ իրենց տրամադրության տակ արբանյակային լուսանկարներ ունեն, որոնցում հնարավոր է տեսնել զանգվածային հողային աշխատանքներ Փարչինում: