Վերջին շրջանում հակառակորդի ակտիվության և ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված և «Մուրացան» զինվորական հոսպիտալում բուժում ստացող զինծառայողներից չորսը դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ 3-ը դեռ շարունակում են բուժում ստանալ, և նրանց վիճակը բավարար է գնահատվում: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ առաջիկա օրերին հնարավոր է՝ նաև դուրս գրվեն մյուս երեք զինծառայողները, քանի որ նրանք ևս արագ են ապաքինվում:
Հիշեցնենք, կենտրոնական զինվորական հոսպիտալում էին ԶՈՒ երկու կապիտան՝ Սրապիոն Մելքոնյանը և Սարգիս Ստեփանյանը, զինծառայող Արմեն Պետրոսյանը, որը վիրավորվել էր դիվերսիոն հարձակման հետևանքով: Դիպուկահարի կրակոցից վիրավորված զինծառայող Արմեն Պետրոսյանը, շարքային Նորայր Միքայելի Քամալյանը, որը, ինչպես հայտնի է, անզեն ձեռնամարտի էր բռնվել զինված հակառակորդի հետ և հետ մղել նրանց, ու մի քանի այլ զինծառայողներ: Բարեբախտաբար, նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: