Դուբայի տեսարժան վայրերի սիրահարները շուտով հնարավորություն կունենան բազմազանել իրենց ծրագիրը: Պլանավորվում է, որ գլխավոր ճարտարապետական օբյեկտ կդառնա առևտրի կենտրոնը, որն իր չափերով հավասարը չի ունենա: Շինարարության համար մշակված գծագիրը ենթադրում է, որ դրա տանիքն ապակե գմբեթ կունենա, հաղորդում է The Verge-ը:
Գմբեթի խնդիրը ոչ միայն էսթետիկ է, այն նաև ամբողջ տարվա համար հարկավոր ջերմաստիճան է ապահովում, քանի որ բացվելու և փակվելու հնարավորություն ունի:
Mall of the World-ը կկառուցեն Շեյխ Զայեդի անվան ավտոմայրուղու կողքին: Այն 4,45 միլիոն քմ տարածք կզբաղեցնի:
Առևտրի կենտրոնի տարածքը մոտավորապես 740 հազար քմ կկազմի: Դուբայում գտնվող նմանատիպ օբեյկտներից Mall of the World-ը կտարբերվի նրանով, որ դրա շուրջը թեմատիկ փակ այգի կլինի: Մի ամբողջ մեծ տարածք կտրամադրվի մշակութային և բժշկական զբոսաշրջությանը: Այնտեղ մի քանի առողջարաններ և թանգարաններ կկազմակերպվեն: Կլինեն նաև հյուրանոցներ, որոնց համարների ընդհանուր քանակը կգերազանցի 20000-ը։