Հոլիվուդյան դերասան Ջոննի Դեպի 15-ամյա դուստրը՝ Լիլի-Ռոուզը մեծ էկրանին առաջին անգամ գլխավոր դեր կխաղա: Աղջիկը կդառնա ռեժիսոր Քևին Սմիթի Yoga Hosers ֆիլմի գլխավոր դերակատարը: Ինքը՝ Դեպը, նույնպես կնկարահանվի այդ ֆիլմում, հաղորդում է NY Daily News-ը:
Yoga Hosers-ը պատմում է կանադացի երկու աղջիկների մասին, ովքեր «գլուխների հայտնի որսորդի» հետ գնում են պայքարելու չարի դեմ: Քաջ արկածախնդրի դերը կխաղա Դեպը, իսկ նրա դստեր ընկերուհուն կմարմնավորի Քևին Սմիթի դուստրը:
Գործողությունները ծավալվում են Կանադայում: Ֆիլմի հեղինակներն ասում են, որ ստեղծագործությունը հանդիսատեսի համար մշակութային ավանդույթների ուղեցույց կարող է դառնալ:
Ընդ որում, սա Լիլի-Ռոուզի առաջին ֆիլմը չէ: Աշնանը էկրաններին կթողարկվի Քևին Սմիթի մեկ այլ ֆիլմ՝ Tusk-ը, որտեղ Դեպի դուստրն էպիզոդիկ դեր է կատարել: