«Ադրբեջանը Ղարաբաղը գրավելու հույսը չի կորցնում, փորձում է նպատակին հասնել շանտաժի միջոցով»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը փորձում է վիրտուալ վախ ստեղծել, թե պատերազմ կսկսի: Այս կերպ փորձում է շանտաժի ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբին:
Ըստ հրամանատարի՝ ադրբեջանական կողմը միշտ հեռանում է Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի Խմբի առաջարկած ուղիներից: Մովսես Հակոբյանը նաև ընդգծեց. «Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը ԼՂՀ ՊԲ-ի համար սպասելի է։ Ես ամեն օր սպասում եմ պատերազմի, և բանակի նպատակն է պատրաստ լինել պատերազմին»: Ապա հավելեց, որ բանակն այսօր համապատասխան տեխնիկական հագեցվածություն ունի և զինվորների բարձր մարտական ոգի:
Չնայած Ադրբեջանի և հայկական կողմի զինված ուժերի հարաբերակցությանը՝ մեկը երկուսի՝ հօգուտ հակառակորդի, վերջինս հաջողության չի հասնի: Հայկական կողմի զինվորներն ապացուցել են, որ մեր սահմաններն անառիկ են, մարտական հենակետրում զինվորները բռունցք բռնցքի պաշտպանում են հայրենիքը՝ կոնկրետ, նպատակային գործողություններով և պաշտպանությամբ, իսկ նրանց ծնողները հպարտությամբ խոսում են հերոս որդիների մասին: