Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների 2014 թվականի ծրագրով մայրաքաղաքում իրականացվող 2 միլիոն քառակուսի մետր ասֆալտապատման ծավալից 495 հազար քառակուսի մետրը բաժին է ընկնում ներբակային ճանապարհներին ու բակային տարածքներին:
Ընդհանուր առմամբ կասֆալտապատվի շուրջ 1000 բակ, որոնցում, զուգահեռաբար, կընթանան նաեւ բարեկարգման այլ աշխատանքներ:
Գործընթացը մեկնարկել է ապրիլին եւ նախատեսված է ավարտին հասցնել հոկտեմբերի վերջին: Սակայն, հաշվի առնելով, որ ներկայում արդեն շուրջ 700 բակերում աշխատանքներն ավարտված են, ընդհանուր ծրագիրը նախատեսված ժամկետից շուտ կավարտվի:
Փողոցների, բակերի պարագայում կարեւոր պայմաններից մեկը որակի ապահովումն է: Որակական չափանիշները համապատասխան կառույցների կողմից ենթարկվում են մշտադիտարկման, որոնց արդյունքները պարբերաբար ներկայացվում են Երեւանի քաղաքպետ Տարոն Մարգարյանին: