«Առաջին լրատվական»-ն արդեն գրել է, որ վերջերս 55-ամյա ազատամարտիկ Վարդան Թումանյանին՝ «Ձի Վարդանին», ծեծելով սպանած «Ջունգլ» մականունով Գևորգ Սարգսյանը և նրա հայրը, ով վեճի հիմնական պատճառն էր եղել և ինքը ևս մասնակցել էր ծեծին, շատ սերտ կապերի մեջ են Երկրապահ կամավորական միության և ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ:
Ջունգլի հայրը՝ Բաբկեն Սարգսյանը, ԵԿՄ-ական է և դեպքից հետո փորձել է այդ կապերն օգտագործելով ջրից չոր դուրս գալ: Ապա, ավելի ուշ, Բաբկեն Սարգսյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Մանվել Գրիգորյանից հրապարակավ ներողություն էր խնդրել՝ թերևս փորձելով մեղմել ստեղծված վիճակը:
«Ես էդ պահին ստեղ չեմ եղել, ինքն էլ հերքել ա իրա արածը, բայց եթե մեղավոր ա, պետք ա խստորեն պատժվի, երկրապահ չէ, ով ուզում ա ըլնի: Երկրապահը հայի տեսակ ա, հայի որակ ա: Եթե անորակ բան ա արել, ուրեմն պատասխանատվություն ա կրելու ամենախստորեն ձևով: Դաժե մենք էլ ենք պատժելու»,- այսօր ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցի՝ ինչպե՞ս է գնահատում այն փաստը, որ Երկրապահի անդամը ծեծելով ազատամարտիկ է սպանում՝ ասաց գերերալ Մանվել Գրիգորյանը:
Մեր հաջորդ հարցին՝ ինչպե՞ս է պատրաստվում պատժել, գեներալը նկատեց. «Կպատժեմ՝ կտենաք: Եթե երկիրը, պետությունը լավ չպատժեց, ես կպատժեմ՝ կտենաք: Վտարելու եմ»:
Հավելենք, որ այս գործով քրեական գործ է հարուցված: Բաբկեն Սարգսյանի որդին՝ Ջունգլը, և նրա ազգականը կալանավորված են: Ծեծին մասնակից մեկ այլ անձ փախուստի մեջ է, իսկ Բաբկեն Սարգսյանը ազատ է արձակվել ստորագրությամբ՝ բնակավայրից չհեռանալու պայմանով: