Արտակարգ իրավիճակների նախարարության և Երկրապահ կամավորական միության միջև այսօր ստորագրվեց համագործակցության հուշագիր: Նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ այս համագործակցությունը կարևոր է հատկապես հասարակության հետ քաղաքացիական պաշտպանության հարցում տարվող աշխատանքներում: «Կարծում եմ, որ հուշագիրը ստորագրելուց հետո այս փաստաթուղթը ստորագրման պահից չի մահանա, այլ մենք կյանքի կկոչենք այն միասին»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այս համագործակցությունը ենթադրում է նաև գիտելիքների փոխադարձ փոխանակում:
ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, իր հերթին, կարևորեց ԱԻՆ-ի հետ համագործակցությունը: «Ես վստահ եմ, որ խոսքը գործի կվերածվի: Ես այսօր կարող եմ վստահորեն ասել, որ մենք 100 տոկոսով կայացած ԱԻՆ ունենք: Ես հպարտ եմ, որ դուք այս կառույցը բերել եք միջազգային մակարդակի»,-նկատեց Գրիգորյանը:
Նշենք, որ հուշագիրը ստորագրելուց առաջ նախարար Արմեն Երիցյանն ու գեներալ Մանվել Գրիգորյանը և մյուս հյուրերը շրջեցին նախարարության շենքում, ծանոթացան նախարարության ձեռք բերած տեխնիկային և նախարարության թիմին, ապա ԱԻՆ և ԵԿՄ մի շարք անդամներ պարգևատրվեցին կառույցների ղեկավարների կողմից: