Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է: Այս տարի տոնը նշվում է օգոստոսի 17-ին: Այդ օրը նաև Սուրբ Աստվածածին եկեղեցիների ուխտի օրն է։
Արդեն այսօրվանից Նորք-Մարաշ վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցի էին շտապում բազմաթիվ մարդիկ, որոնք օրհնության համար խաղող էին բերել, ինչպես նաև մատաղի համար՝ աքլոր: Եկեղեցի շտապողների ու մատաղ մատուցողների շարքում այսօր մեծամասամբ զինծառայողների ծնողներն էին, որոնք եկել էին Աստվածածնից խաղաղություն խնդրելու, որպեսզի բոլոր զինվորները առողջ տուն վերադառնան: Տոնի նախօրեին և բուն տոնին մարդիկ նախընտրում են մատաղը բաժանել չքավորներին:
«Առաջին լրատվական»-ը զրուցեց նաև եկեղեցու բակում մատաղի կամ օգնության սպասող չքավորների հետ: Նրանք ևս նկատեցին, որ մատաղը ընդունելիս հիմնականում Աստվածածնից խնդրում են խաղաղություն: Խաղաղություն՝ այս բառն էր հնչում նաև լավաշ, գաթա, աքլոր, խաղող վաճառողների շուրթերին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: