«Ստեփանակերտում գաղտնի՝ որդուս մահվան գործով դատական նիստեր են եղել, առանց մեզ, առանց տուժող կողմի ներկայության, ուզում են սենց սպանությունը կոծկեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց մահացած զինծառայող Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը, որը տիկնոջ հետ կառավարության դիմաց պահանջում էր, որպեսզի վարչապետը գործին միջամտի, և դատական նիստերը անցկացվեն Երևանում: Մահացած զինծառայողի ծնողները վստահ են՝ նախաքննության առաջ քաշած այն վարկածը, թե իրենց որդին ինքնասպան է եղել, իրականությանը չի համապատասխանում։
«Երեխայիս սպանել են, ասում են՝ ինքնասպան է եղել, իբր 100 մետր չի կարողացել վազել՝ այդ պատճառով, հեքիաթներ են, չեմ հավատում, չեմ հավատալու»,- ասաց մահացած զինծառայողի հայրը՝ պնդելով, որ իր որդին, անկասկած, Մարտակերտում սպանվել է, քանի որ անգամ զենքի վրա նրա մատնահետքերը չկան, զենքը առհասարակ գրանցված չէ: Հովսեփ Մուրադյանի խոսքով՝ վարչապետը, պաշտպանության և արդարադատության նախարարները իրենց հետ խոսել էին ու խոստացել, որ դատավարությունները կանցկացվեն Երևանում, բայց այդպես էլ իրենց խոստումը չեն կատարում։ «Ինչպես հասկանանք, էսօր կառավարության անդամները սիրում են, հարգում են զինվորին, հա, մեզ ցույց են տալիս թերթի սպիտակ կողմը, բայց իրանք անում են սևը, հա, էդպես հասկանանք»,- եզրափակեց նա: