Վրաստանի գլխավոր դատախազությունը Թբիլիսիի քաղաքային դատարան միջնորդություն է ուղարկել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի համար խափանման միջոց ընտրելու մասին: Վրաստանի Հանրային հեռուստատեսության հաղորդմամբ՝ համապատասխան դիմումը դատարանը կքննարկի ուրբաթ երեկոյան:
Ավելի վաղ Վրաստանի գլխավոր դատախազության ներկայացուցիչները հայտարարել էին, որ գերատեսչությունը քննարկում է Սաակաշվիլիի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը (հեռակա կարգով) կիրառելու հարցը:
Հիշեցնենք՝ հուլիսի 27-ին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել: Սաակաշվիլիին և նրա մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրում են պաշտոնական լիազորությունների չարաշահման համար:
Վրաստանի օրենքների համաձայն՝ նախկին նախագահին նրա մեղքն ապացուցվելու դեպքում սպառնում է 5-8 տարվա ազատազրկում:
Իսկ Սաակաշվիլին կարծում է, որ գլխավոր դատախազության որոշումը «իր քաղաքական ակտիվությունը և աշխարհով տեղաշարժը սահմանափակելու նպատակ ունի»: Նա հայտարարել է, որ «չնայած Վրաստանի գլխավոր դատախազության որոշմանը՝ ինքը մտադիր չէ դադարեցնել քաղաքական ակտիվությունը»: