Ինտերպոլը բավարար ապացույցներ չի գտել, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին հայրենիքում հետապնդում են քրեական հանցագործությունների, ոչ թե քաղաքական դրդապատճառներով: Այս պատճառով նրա անունը մինչև օրս ներառված չէ միջազգային հետախուզման բազայում, Deutsche Welle-ին տված հարցազրույցում ասել է Ինտերպոլի ուկրաինական բյուրոյի տնօրեն Վասիլի Նևոլյան:
«Յանուկովիչի մեղքը կարող է ապացուցվել միայն, երբ գործն անցնի դատարանով»,- նշել է նա: Նույն կարծիքին է Գերագույն ռադայի հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Գենադի Մոսկալը: «Ինտերպոլը պահանջում է դատարանի պարտադիր վճիռ: Իսկ այստեղ, որքան ես գիտեմ, կա միայն որոշում Յանուկովիչին կալանքի տակ պահելու ձևով խափանման միջոց կիրառելու համար դատարան տանելու մասին»,- Deutsche Welle-ին ասել է նա:
Ուկրաինան Յանուկովիչի արտահանձնման համար փաստաթղթեր էր պատրաստել և նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու խնդրանքով դիմել Ինտերպոլին 2014-ի մարտին:
Ռուսաստանում գտնվող Յանուկովիչի նկատմամբ հայրենիքում մի քանի քրեական գործ է հարուցված: Նրան, մասնավորապես, մեղադրում են փողերի լվացման, երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգության և Կիևում Մայդանի ցուցարարների մահվանը մասնակցության համար: Փետրվարի 26-ին Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Յանուկովիչի նկատմամբ: