Բռնցքամարտի լեգենդ Մոհամեդ Ալիի ձեռնոցները, որոնցով նա 1971թ. գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման համար «դարի մենամարտում» պարտվեց Ջո Ֆրեյզերին, ԱՄՆ-ում կազմակերպված աճուրդում վաճառվել են 400.000 դոլարով:
«Այդ ձեռնոցները, ինչպես շատ այլ ձեռնոցներ, որոնցով մենամարտել է Ալին, պատրաստել էր հանրահայտ վարպետ Սեմի Ֆրեհերը: Ձեռնոցների վրա կա Ալիի մարզիչ Անջելո Դանդիի ստորագրությունը»,- հայտարարել է աճուրդի կազմակերպիչ Նոյ Ֆլայշերը:
Ալին հայտարարել էր, որ անպայման հաղթելու է, քանի որ Ֆրեյզերն արժանի չէ աշխարհի չեմպիոնի կոչմանը: Նա խոստացել էր, որ հաղթելու է 6-րդ ռաունդում: Մենամարտի միջնամասում Ալին ստիպված էր անընդհատ պաշտպանվել: Դիմակայության վերջում, բաց թողնելով մի քանի ծանր հարվածներ, Ալին ընկավ, բայց կարողացավ կանգնել ու շարունակել մենամարտը:
15 ռաունդ տևած մենամարտի արդյունքում բոլոր 3 մրցավարները միավորների տարբերությամբ հաղթանակը շնորհեցին Ֆրեյզերին: