Իրավապաշտպան Լեյլա Յունուսի ձերբակալությունն Ադրբեջանում մարդու իրավունքներին առնչվող ծանր վիճակի նոր վկայություն է: Այս մասին ասվում է միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության հայտարարությունում:
«Լեյլա Յունուսն Ադրբեջանի անկախ ձայներից մեկն է, որն իշխանությունները տևական ժամանակ փորձել են լռեցնել սպառնալիքների ու ահաբեկման ճանապարհով: Չկարողանալով հասնել դրան, նրանք դիմեցին շինծու մեղադրանքների՝ կառավարությանը քննադատելու համար նրան պատժելու նպատակով»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչ Նատալյա Նոզաձեն:
Իրավապաշտպանների հետապնդումն Ադրբեջանում շարունակվում է՝ չնայած Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող երկրի պարտավորություններին:
Երկիրը ներկայումս նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ է:
Իշխանությունները Լեյլային և ամուսնուն՝ Արիֆին, մեղադրել են պետական դավաճանության, խարդախության և հարկերից խուսափելու համար:
Նոզաձեի խոսքով՝ ձերբակալությունը ևս մեկ օրինակ է քննադատող ձայների անողոք ճնշման:
Amnesty International-ը ներկայումս երկրում հաշվում է խղճի առնվազն 19 կալանավոր, ովքեր կալանքի տակ են պահվում բացառապես հայացքների խաղաղ արտահայտման համար: