Անտուան դը Սենթ Էքզյուպերին ծնվել է 1900-ի հունիսի 29-ին՝ Ֆրանսիայի Լիոն քաղաքում, կոմսի ընտանիքում:
1921-ին Էքզյուպերին բանակ է զորակոչվել և անցել օդաչուի կուրսեր: Մեկ տարի անց նա Փարիզ է տեղափոխվել և զբաղվել ստեղծագործելով: Սակայն դա նրան առանձնապես հաջողություններ չի բերել, և նա սկսել է աշխատել գրախանութում՝ որպես վաճառող, և զբաղվել ավտոմեքենաների առևտրով:
1925-ին Էքզյուպերին դարձել է «Աերոպոստալ»-ի օդաչու՝ զբաղվելով Աֆրիկա փոստի առաքմամբ: 1930-ականներին զբաղվել է լրագրությամբ:
1941-43թթ. Էքզյուպերին ապրել է ԱՄՆ-ում, որտեղ էլ գրվել է նրա հայտնի՝ «Փոքրիկ իշխանը» գիրքը:
Երկրորդ աշխարհամարտի սկսվելուն պես՝ նա կրկին վերադարձել է բանակ: 1944-ի հուլիսի 31-ին նա այդպես էլ չվերադարձավ հետախուզական թռիչքից: