ԱՄՆ-ն լրացուցիչ 378 միլիոն դոլար է հատկացրել սիրիացի փախստականներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին գրում է RIA Novosti-ն:
«Աշխարհը պետք է արագ և վճռականորեն օգնություն տրամադրի, որպեսզի փրկի խաղաղ և անմեղ մարդկանց կյանքը, որոնց վրա է ընկել բարբարոսական պատերազմի հիմնական ծանրությունը: Այդ պատճառով էլ ԱՄՆ-ն 378 լրացուցիչ օգնություն կտրամադրի նրանց, ովքեր տուժել են այդ կոնֆլիկտից»,- ասել է Քերին:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն մնում է սիրիացի փախստականներին օգնող խոշորագույն դոնորը՝ այդ նպատակով 2,4 միլիրադ դոլար տրամադրելով:
«Այս օգնությունը տեղում արդեն իր արդյունքներն է տալիս: Մեր օգնությամբ Սիրիայում 4 միլիոն մարդ սնունդ կստանա, իսկ ավելի քան 1,9 միլիոն մարդ՝ բժշկական օգնություն»- ասել է Քերին:
Դրանից բացի ամերիկյան օգնությունը հասնում է նաև Լիբանանում, Հորդանանում, Թուրքիայում, Իրաքում և Եգիպտոսում գտնվող սիրիացի փախստականներին: ԱՄՆ-ն ցանկանում է խնդրի կարգավորման քաղաքական որոշում գտնել, հայտարարել է Քերին: