Լիտվայի Հանրապետության Ալիտուս քաղաքի 6 ընկերություններ Հայաստանյան գործարարների հետ համագործակցության եզրեր են տեսնում: Այսօր նրանք սեփական նախաձեռնությամբ Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատում ծանոթանում էին թռչնարտադրության, պարարտանյութերի և այլ ապրանքատեսակների արտադրությամբ զբաղվող Հայաստանյան գործընկերների հետ՝ քննարկելով համագործակցության հնարավոր տարբերակները:
Լիտվայի գործարարները, որոնք հիմնականում զբաղվում էին թռչնամսի, օրթոպեդիկ սարքավորումների, քացախի արտադրությամբ, ներկայացրին իրենց արտադրանքը:
«Նրանք առայժմ ծանոթանում են, թե Հայաստանը ինչ երկիր է, ինչ արտադրություն ունի, ինչ բիզնեսներ և ինչպես կարելի համագործակցել: Լիտվան գյուղատնտեսական երկիր է, և տեսնենք, թե ինչպես կլինի համագործակցությունը: Բոլոր դեպքերում, Եվրամիության երկիր է, որի տնտեսությունը մեզ համար հասկանալի է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը: Վերջինս խոչընդոտ չի տեսնում, որ Հայաստանն անդամակցելու է ՄՄ-ին: Նրա խոսքով՝ համագործակցությունն այդ ժամանակ էլ կստացվի: «Ես խոչընդոտ չեմ տեսնում: Իհարկե, մեզ համար ՄՄ անդամ երկրների հետ աշխատանքը կթեթևանա, իսկ եվրոպայի հետ չի բարդանա, կմնա այնպես, ինչպես կա»,- ասաց Մարտիրոսյանը:
Հայաստանում Լիտվայի դեսպանատան ներկայացուցիչը ևս ողջունեց այս համագործակցությունը՝ նշելով, որ իրենք պետենցիալ տեսնում են, և համագործակցությունը պետք է փոխադարձ լինի:
«Ես մտածում եմ, որ եթե Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին, ապա դա կարող է Լիտվայի համար հնարավորություն լինել: Պետք է փորձել ստեղծվածից միայն լավը վերցնել: Կարծում եմ՝ սա կրկնակի հնարավորություն է և՛ Հայաստանի, և՛ Լիտվայի համար: Պետք է օգտագործել այս շուկաները»,- ասաց Սաուլիուս Վալաինիսը: