Թունիսը կարող է փակել Լիբիայի հետ սահմանը՝ հարևան երկրում անվտանգության ոլորտում իրադրության սրման պատճառով: Այս մասին «Վատանիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թունիսի արտգործնախարար Մոնժի Համդին:
Նրա խոսքով՝ իրավիճակը՝ նման 2011-ին տեղի ունեցածին, երբ Լիբիայում քաղաքացիական պատերազմի պատճառով փախստականների հոսք սկսվեց դեպի Թունիս, չի կրկնվի: «Լիբիայում անվտանգությանն առնչվող իրավիճակի սրման դեպքում սահմանը կփակվի»,- ասել է նա:
Լիբիայում տիրող իրավիճակը երկրի քաղաքացիներին ստիպում է ապաստան փնտրել Թունիսում: Պետական լրատվական TAP գործակալության հաղորդմամբ՝ հուլիսի 28-ից երկրի հարավ-արևելքի Ռաս-Ժդիր հսկիչ-անցակետով թունիսյան տարածք են անցել մոտ 8000 լիբիացիներ: