Երեքշաբթի Ստամբուլում ձերբակալվել է ոստիկանության 11 սպա՝ թուրք պաշտոնյաներին ապօրինաբար գաղտնալսելու գործով: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Ձերբակալվածների շարքում է Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության նախկին պետ Յուրտ Աթայունը:
Այդ գործողությունները արձագանքն են հատուկ գործողության, որն անցկացվել է անցած տարվա դեկտեմբերի 17-ին Ստամբուլում և Անկարայում: Այդ ժամանակ ձերբակալվել էին մի քանի տասնյակ մարդիկ, այդ թվում՝ գործարարներ և մի քանի նախարարների որդիներ: Ձերբակալություններն իրականացվել էին կոռուպցիայի, մաքսանենգության և թմրանյութերի իրացման մեղադրանքներով:
Այս տարվա փետրվարին Թուրքիայի դատախազությունը նրանց ազատ արձակման վերաբերյալ որոշում էր ընդունել: