Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երեքշաբթի հայտարարություն է տարածել դատախազության կողմից երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և մի շարք նախկին նախարարներին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Trend-ը:
«2012-ի հոկտեմբերի 1-ին Վրաստանի կառավարությունը ժողովրդից հստակ առաջադրանք ստացավ՝ ստեղծել այնպիսի իրավական համակարգ, որին ինքն արժանի է: Դա առաջին հերթին ենթադրում էր արդարացի համակարգի ստեղծում: Մենք ժողովրդից մանդատ ստացանք, որը մեզ վրա այդ առաջադրանքը հստակ կատարելու պատասխանատվություն է դնում: Վրաստանի ժողովուրդն ուզում է, որ վերջակետ դրվի այն անպատժելիությանը, որը երկրում առկա էր մի քանի տարիներ: Վրաստանի ժողովուրդն իր ընտրած իշխանությունից պահանջում է այնպիսի համակարգ, որի դեպքում իր հանցագործության համար օրենքի առաջ պատասխան կտա Վրաստանի ցանկացած քաղաքացի»,- ասվում է հայտարարության մեջ:
Վարչապետի հայտարարության մեջ նշվում է. «Այսօր Վրաստանի գլխավոր դատախազը կարևոր քայլ է արել ու պատասխանատվության է ենթարկել նրան, ով, ենթադրաբար, խախտել է օրենսդրությունը: Այդ մեծ հնչողություն ունեցող գործի հետաքննության գործընթացը բացարձակապես բաց է: Վրաստանի կառավարությունը ողջունում է օբյեկտիվ հետքննությունը, քանի որ այդպիսով մենք կկարողանանք ստեղծել միջազգային չափանիշերին համապատասխան դատական համակարգ»,- ասվում է Ղարիբաշվիլիի հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ հուլիսի 27-ին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել: Սաակաշվիլիին և նրա մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրում են պաշտոնական լիազորությունների չարաշահման մեջ: