1998-1999 թթ Կոսովոյում հանցագործությունների հետաքննման ԵՄ հատուկ հանձնաժողովը (SITF) կարծում է, որԿոսովոյում օրգանների առևտուր իրականացվել է, սակայն շատ փոքր ծավալով: Հանձնաժողովը կշարունակի դրա վերաբերյալ ապացույցներ փնտրել՝ հայտարարել է առաքելության ղեկավար, դատախազ Քլինթ Ուիլյամսոնը: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
«Ներկա պահին կարող եմ ասել, որ կան ակնհայտ ցուցումներ առ այն, որ այդ պրակտիկան գոյություն ունեցել է շատ սահմանափակ ծավալով, և որ մարդկանց աննշան քանակ է սպանվել օրգանների ստացման ու վաճառքի համար»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ կան մարդիկ, ովքեր հայտարարում են, որ այդ շրջանում յուրաքանչյուր կորած կամ սպանված սերբ դարձել է օրգանների վաճառքի զոհը:
Նշենք, որ տարածաշրջանում «սև տրանսպլանտոլոգիայի» փաստերի առկայության մասին առաջին անգամ պաշտոնական մակարդակով հայտնել է նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային դատարանի նախկին դատախազ Կառլա դել Պոնտեն իր հուշագրությունների գրքում: