Վերջին մեկ շաբաթում Գյումրիում աղմկահարույց դեպքեր արձանագրվեցին: Հուլիսի 24-ին դաժան ծեծի էր ենթարկվել և սպանվել Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանի եղբայրը` Հարություն Գրիգորյանը, իսկ ահա հուլիսի 25-ին դանակի բազմաթիվ հարվածներով Գյումրու հիվանդանոցում մահացել էր Գյումրու «Արցախ» թաղամասի բնակիչ Էդգար Անտիկյանը:
Ցավալի է, բայց փաստ, որ հումորի քաղաքը վերջին տարիներին դարձել է կրիմինալ «ռազբորկա»-ների կենտրոն, իսկ թե ինչն է արձանագրված դեպքերի պատճառը, թերևս կպարզի քննությունը: Եվ այսպես, նշված օրը Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանի եղբորը ծեծված, ինչպես նաև կրակոցների հետքերով հայտնաբերել էին Գետք գյուղի ճանապարհին գտնվող գոմում՝ փոսի մեջ: 4 օր անց սպանության կասկածանքով ձերբակալվեց Գյումրու ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ 36-ամյա Արման Կատունյանը:
Ըստ տարածված տեղեկությունների՝ Արման Կատունյանը զայրացել է Հարություն Գրիգորյանի վրա այն բանից հետո, երբ վերջինս իմացել է, որ Հարությունը սիրահետում է իր կնոջը: Տղամարդիկ հանդիպել են, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել վիճաբանություն, իսկ ավելի ուշ ռազմական ոստիկանության աշխատակիցը կրակել է ու սպանել Հարությունին: «Ժողովուրդ»-ը տեղեկությունները պարզելու նպատակով փորձեց զրուցել Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանի հետ, սակայն նրա հեռախոսին պատասխանեց որդին և նշեց, որ իրենց ոչինչ հայտնի չէ և որևէ բան չեն կարող ասել տարածված տեղեկությունների մասին: «Եկեք սպասենք քննության ավարտին»,-ասաց կրտսեր Գրիգորյանը:
Նշենք, որ մեզ հասած տեղեկություններով՝ Գյումրու ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արման Կատունյանի աներն իր դստերը և երկու թոռնիկներին հեռացրել է երկրից:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։