Ինչպես հայտնում է AS պարբերականը, կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լեո Մեսսին քրեական պատասխանատվության կենթարկվի, քանի որ դատարանը մերժել է ֆուտբոլիստի վրայից հարկերից խուսափելու մեղադրանքը հանելու հայցը:
Նախկինում Մեսսիի նկատմամբ հայց էր ներկայացվել, ըստ որի՝ ֆուտբոլիստը հարկերից խուսափելու համար կեղծ ընկերություն էր բացել:Սակայն այդ ամենից հետո, պետական մարմինը դիմել էր դատարանին, որպեսզի հանի Մեսսիի վրայից այդ գործը և մեղադրանք ներկայացվի միայն նրա հորը՝Խորխե Մեսսիին:
Մեսսիի հայրը պնդում է, որ իր որդին ոչ մի կապ չունի այդ ընկերության բացման հետ, սակայն դատարանը կարծում է, որ Լեո Մեսսին կարող էր իմանալ այդ մասին և տալ իր համաձայնությունը, որպեսզի հիմնվի կեղծ ընկերություն: Մեսսին և հայրը մեղադրվում են մոտ 4 մլն եվրո արժողությամբ հարկերից խուսափելու մեջ: