Հաճախ կարելի է լսել, թե ինչպես են Դյուսելդորֆը «փոքր Փարիզ» անվանում: Դա զարմանելի չէ, քանի որ քաղաքներն իրոք նման են կառուցվածքով, փողոցներով, ոճով: Դյուսելդորֆը բազմիցս բնակչության կյանքի մակարդակով առաջատար բնակավայրերից է հռչակվել:
Այստեղ զբոսաշրջիկը բազմաթիվ ճարտարապետական կառույցներ, արվեստի և նորաձևության սրահներ կտեսնի: Սակայն ամենից շատ հավանաբար կհիշվեն Ֆրենկ Գերիի «Հարբած տները», գրում է ճարտարապետական pulson.ru-ն:
«Հարբած տները» սկսել են կառուցել 1996 թ.: Գաղափարը պատկանում է ամերիկացի ճարտարապետ Ֆրենկ Գերին:
Մարդիկ նշում են, որ իրականության զգացողությունը կարելի է կորցնել՝ նայելով այդ տների կոտրտված գծերին և ոչ ստանդարտ ձևին: Կառույցները վերաբերում են դեկոնստրուկտիզմի ոճին: Համալիրը մի քանի շենքերից է բաղկացած, որոնց ընդհանուր տարածքը 29 հազար ք.մ է կազմում: Յուրաքանչյուր շենք յուրահատուկ է, մյուսներից առանձնանում է հարդարմամբ և ծավալներով: