Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վ.Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության գործով երեկ ձերբակալված ՀՀ ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արման Կատունյանը ինքնակամ է ներկայացել ոստիկանություն, նրան դեռևս մեղադրանք չի առաջադրվել: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին ասաց Արման Կատունյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:
Ինչ վերաբերում է շրջանառության մեջ հայտնված այն վարկածին, որ Հարություն Գրիգորյանի սպանությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա և, որ վերջինս մտերմիկ հարաբերություններ է ունեցել ձերբակալվածի կնոջ հետ, ապա փաստաբանը ընդգծեց, որ Կատունյանի կնոջ եւ Գրիգորյանի միջեւ մտերմիկ հարաբերություններ չեն եղել։ Ըստ նրա, Գրիգորյանը տեւական ժամանակ սիրահետել է Արման Կատունյանի կնոջը, եւ ամուսինները փորձել են «վերջ դնել այդ ամենին», միջոցներ ձեռնարկել կանխելու և դադարեցնելու նրա այդ գործողությունները:
«Սիրահետելու փորձեր են եղել, եւ ոչ թե մտերմիկ հարաբերություններ»,- վստահեցրեց Երվանդ Վարոսյանը:
Փաստաբանը, վկայակոչելով Արման Կատունյանի խոսքերը, նշեց, որ այդ օրը Արմանն ու իր կինը հերթական անգամ փորձել են սաստել տուժողին, իսկ վերջինս այդ օրը դրսեւորել է ակնհայտ ոչ ադեկվատ վարքագիծ, անիմաստ արտահայտություններ է արել, հայհոյել: Փաստաբանը խոստացավ այլ մանրամասների անդրադառնալ առաջիկայում: