Մոսկվայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Վիգաուդաս Ուշացկասը հայտարարել է, որ ԵՄ-ն ստացել է ՌԴ պաշտպանության նախարարության տվյալները Ուկրաինայի արևելքում կործանված մալայզիական Boeing 777-ի մասին: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
«Դեսպան Չիժովը պաշտպանության նախարարության տեղեկությունն ուղարկել է Բրյուսելում իմ գործընկերներին, մենք հենց նոր ստացանք այն: Ես հիմա չեմ կարող կռահել՝ երբ և ինչպես կգնահատենք, բայց այս պահին կատարվում է տեղեկատվության գնահատում»,- հայտարարել է Ուշացկասը:
Հուլիսի 21-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ինքնաթիռը Դոնեցկի տարածքի վայով թռչելուց հետո 14 կիլոմետրով շեղվել է ենթադրյալ երթուղուց: Բացի դրանից՝ Boeing 777-ից 5 կմ հեռավորության վրա թռչել է ուկրաինական Սու-25: Ավելի ուշ Կիևը հայտարարեց, որ ինքնաթիռն Ոկրաինայի օդային տարածքով թռչելու փուլում եղել է օդային երթևեկության սպասարկման սահմանած երթուղիների սահմաններում: