ԱՄՆ Դաշնային վերաքննիչ դատարանը մերժել է բազմամիլիոնանոց հայցերը փոխհատուցումների մասին, որոնք ներկայացրել էին Կոլումբիայի բնակիչներն ընդդեմ բանանի խոշորագույն արտադրողներից մեկի՝ Chiquita Brands International-ի: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ամերիկյան հսկային մեղադրում են կոլումբացի գրոհայիններին ֆինանսավորելու մեջ: Հայցերով ամերիկյան դատարան էին դիմել Կոլումբիայում արյունալի քաղաքացիական պատերազմի հետևանքով զոհվածների հարազատները:
Դատարաններ էին դիմել ավելի քան 4000 հայցվորներ: Վերաքննիչ դատարանը վճռել է, որ նման դեպքերը չեն ենթարկվում ամերիկյան դատարանների իրավասությանը:
2007 թվականին բանանի հսկան ամերիկյան իշխանությունների կողմից տուգանվել էր 25 մլն դոլարով՝ «Կոլումբիայի միավորված ինքնապաշտպանական ուժեր» խմբավորմանը ֆինանսավորելու համար: Վերջինիս ԱՄՆ-ը ներառել է ահաբեկչական խմբավորումների ցուցակում:
Chiquita-ն հաստատում է, որ խմբավորմանը վճարել է իր աշխատակիցների պաշտպանության համար և չի աջակցել ահաբեկչությանը: