Կուբայի Պետական խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոյի դուստրը վենեսուելական Telesur հեռուստաալիքին հեռախոսով տված հարցազրույցում հերքել է այն լուրերը, իբր ինքը գտնվել է Աֆրիկայի հյուսիսում կործանված ինքնաթիռի մեջ:
«Ես կենդանի եմ, երջանիկ և առողջ»,- նրա բառերն է Twitter-ում մեջբերում հեռուստաալիքը: Telesur-ի տվյալներով՝ ներկա պահին Մարիելան գտնվում է Հավանայում:
Ավելի վաղ այս տեղեկատվությունը հայտնվել էր Ուագադուգուի օդնավակայանի Facebook-յան էջում: Հաղորդվում էր, որ ինքնաթիռում «ֆրանսիացի երկու պաշտոնյաներ են եղել, ինչպես նաև Կուբայի նախկին ղեկավար Ֆիդել Կաստրոյի զարմուհին՝ Մարիելա Կաստրոն»:
Ալժիրական ինքնաթիռը Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուգադուգույից Ալժիր էր ուղևորվում: AH5017 չվերթը իրականացվում էր Air Algerie ընկերության կողմից, որը ինքնաթիռը վարձակալել էր իսպանական Swiftair-ից: Ինքնաթիռը կործանվել է Թիլմիզի բնակավայրի մոտ:
Մարիելա Կաստրոն ղեկավարում է Հավանայում Սեքսուալ կրթության Կուբայի ազգային կենտրոնը (CENESEX), Սեքսուալ առողջության համաշխարհային ասոցացիայի(WAS) անդամ է և սեքսուալ փոքրամասնությունների պաշտպանության շարժման ակտիվիստ: