«Ինչքան էլ որ վատանամ, նստելու եմ, մինչև բարեհաճեն, իջնեն ինձ բարձրացնեն վերև, ես ուզում եմ տեսնել վարչապետին և ասել, թե ինչեր են կատարվում «Արմենիա» հանրապետական հիվանդանոցում»,- այսօր կառավարության շենքի մոտ նստացույց էր անում «Արմենիա» հանրապետական հիվանդանոցի նախկին բուժքույր Նինել Իվանյանը, որը պահանջում է բարոյական և նյութական վնասի փոխհատուցում և իր աշխատանքային գրքույկը: Նա նշեց, որ իրեն աշխատանքից ազատել են ապօրինաբար:
Նինել Իվանյանը պատմեց, որ 1997 թվականից մինչև 2005 թվականը աշխատել է հիվանդանոցում որպես բուժքույր, ապա շարունակեց, որ աշխատանքի ընթացքում ամեն ինչ կատարել է պատշաճորեն, բայց երբ հետաքրքրվել է, թե ինչու են իրեն վճարում 15.000 դրամ, մյուսներին՝ 25.000, նրան աշխատանքից ազատել են:
«Հիվանդ չեմ սպանել իրենց նման, գողություն չեմ արել, անբարոյականությամբ չեմ զբաղվել իրենց նման»,- ասաց Նինել Իվանյանը՝ հավելելով, որ հիվանդանոց և պոլիկլինիկա նրան արգելում են մտնել, տանում են բաժին: