Իրաքի խոհրդարանը երկրի նախագահ է ընտրել քրդական խորհրդարանական խմբակցության թեկնածու Ֆուադ Մաասումին: Նա կփոխարինի գործող նախագահ Ջելալ Թալաբանիին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ավելի վաղ Al-Hadath թերթը հաղորդել էր, որ երկրի ղեկավարի պաշտոնում իրենց թեկնածությունն են առաջադրել 93 մարդ:
Իրաքի խորհրդարանը, որը պետք է չորեքշաբթի օրն ընտրեր երկրի նոր նախագահին, քվեարկությունը տեղափոխել էր հաջորդ օրը: Խորհրդարանի խոսնակ Սալիմ ադ-Ջուբուրին հայտնել էր, որ հետաձգելու մասին խնդրել էին քուրդ պատգամավորները, որոնք ուզում էին վերջնականապես համաձայնեցնել երկրի ղեկավարի պաշտոնում իրենց թեկնածությունը: Քրդական խմբակցության կարծիքը հատուկ կարևոր է, որովհետև, ըստ ոչ պաշտոնական պայմանավորվածության, Իրաքում նախագահ է դառնում քրդերի ներկայացուցիչ:
Ըստ Իրաքի Սահմանադրության՝ պետության ղեկավարին ընտրում են պատգամավորները: