Հուլիսի 23-ին Վրաստանի խորհրդարանն արտահերթ նիստի ժամանակ ձայների մեծամասնությամբ (69) առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է երկրում վարչական կալանքի առավելագույն ժամկետը 90 օրից կրճատել մինչև 15 օր: Այս մասին հայտնում է Trend-ը:
Վրաստանի Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխությունները նախաձեռնել են իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի պատգամավորներ Վախթանգ Խմալաձեն և Շալվա Շավգուլիձեն:
Բացի դրանից՝ օրինագիծը նորովի է կարգավորում վարչական կալանքի կանոնները: Օրինագծում արված փոփոխությունների համաձայն՝ վարչական կալանքի ժամանակ անհրաժեշտ է անձի համար պարզաբանել, թե հատկապես ինչ վարչական իրավախախտում է նա կատարել, հայտնել ձերբակալության հիմքերի և փաստաբան տրամադրելու իրավունքի մասին:
Այսուհետ ձերբակալվածի նկատմամբ պետք է համապատասխան արձանագրություն կազմվի ոստիկանության մոտակա բաժնում: