Թայվանական TransAsia Airways ավիաընկերությունն ավիաաղետի զոհերի ընտանիքներին կվճարի 33 հազարական դոլար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով ավիափոխադրողի տարածած հաղորդագրությանը:
Բացի դրանից՝ Պենհու կղզում ATR-72 ինքնաթիռի վթարի հետևանքով վնասվածք ստացած ուղևորները կստանան 6000-ական դոլար: Ընկերությունը նաև ճշգրտել է աղետից տուժածների մասին տեղեկությունը՝ 48 մարդ զոհվել է, 10-ը հոսպիտալացվել:
Channel News Asia հեռուստաալիքը մեջբերում է փրկված ուղևորներից մեկի խոսքերը, որի պնդմամբ՝ ընկնելուց մի քանի րոպե առաջ պայթյունի նման 2 ձայն է լսվել: Ամեն դեպքում, պաշտոնական իշխանություններն առայժմ չեն հիշատակում ահաբեկչությունը՝ որպես տեղի ունեցածի պատճառ: Հաղորդվում է, որ հիմնական պատճառը եղել են եղանակային վատ պայմանները: