Մալայզիական Boeing-777 ինքնաթիռի կործանման հետաքննությունը պաշտոնապես կկառավարի Նիդեռլանդների Անվտանգության խորհուրդը: Մինչդեռ հոլանդացի պաշտոնյաներից մեկն այնքան է հուզվել կատարվածից, որ առաջարկել է երկրից արտաքսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դստերը:
Ինչպես հաղորդում է բրիտանական The Guardian-ը՝ Հիլվերս քաղաքի քաղաքապետ Պետեր Բրոերտեսը տեղական ռադիոալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ 29-ամյա Մարիա Պուտինային հարկավոր է «դուրս շպրտել» երկրից: Ավելի ուշ պաշտոնյան Twitter-ում գրել է, որ Պուտինի դստեր մասին արտահայտությունները «խելացի չեն» եղել և որ նա դա ասել է «անզորության» պատճառով:
Որոշ տվյալների համաձայն՝ ռուս նախագահի դուստրը ապրում է թագավորության հարավ-արևելքում գտնվող Վորսհոթեն քաղաքում: Լուրերի համաձայն՝ Մարիա Պուտինան ապրում է Նիդեռլանդների քաղաքացի Յորիտ Ֆաասենի հետ բազմահարկ շենքի պենտհաուսում, որը գտնվում է քաղաքի Ղրիմ կոչվող նոր թաղամասում:
Հասկանալի պատճառներով այս տեղեկատվությունը պաշտոնական մեկնաբանություններ չի ստացել: