Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին կոչ է արել բոյկոտել իսրայելական ընկերությունները, որոնք աջակցում են Գազայի հատվածում ռազմական գործողությունների անցկացմանը: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Նրա խոսքով՝ Իսրայելում կան նաև այնպիսի ընկերություններ, որոնք չեն աջակցում երկրի գործողությանը Գազայում, և նրանց նկատմամբ բոյկոտ հայտարարելը ճիշտ չէր լինի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայի ոչ կառավարական կազմակերպությունները Գազայի հատվածում ռազմական գործողությունների անցկացմանն ի պատասխան՝ կոչ են արել բոյկոտել իսրայելական ընկերությունները:
Նախօրեին Թուրքիան դադարեցրել էր բոլոր ավիաչվերթներն Իսրայել՝ տարածաշրջանում անկայուն իրադրության պատճառով: