Ամերիկյան Apple կորպորացիան ստացել է արտոնագիր, որում նկարագրված է «խելացի» ժամացույցը: Շուտով iWatch-ը կամ iTime-ը կլինի ոչ թե առասպել, այլ սարք, որն իսկապես մշակվում է և կարող է ներկայացվել արդեն շատ շուտով: Փորձագետները հաստատում են, որ մարմնին կրվող համակարգչային սարքը կհայտնվի վաճառքում արդեն աշնանը՝ մոտավորապես այն ժամանակ, երբ կմեկնարկի iPhone 6-ի վաճառքը: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Արտոնագրում բոլոր տեխնիկական առանձնահատկությունները նկարագրված չեն: Հնարավոր է՝ որոշ տարրեր պարզապես պատրաստ չեն, իսկ հնարավոր է՝ ընկերությունը հատուկ է դրանք գաղտնի պահում:
Հետաքրքիրն այն է, որ iWatch-ը կարելի է կիրառել առանց հեռախոսին կցելու: Apple-ը ձգտում է iWatch-ը դարձնել լիարժեք էլեկտրոնային սարք, ոչ թե աքսեսուար: Հայտնի չէ՝ դրանով հնարավո՞ր է զանգեր կատարել և ընդունել, եթե այո, ապա կարելի է խոսել մարմնին կրվող էլեկտրոնիկայի հանդեպ միանգամայն նոր մոտեցման մասին: