Նյու Յորքի ֆինանսական իշխանությունները աշխարհի ամենախոշոր ֆինանսական ինստիտուտներից մեկում՝ գերմանական Deutsche Bank AG-ում մի շարք խախտումներ են հայտնաբերել ԱՄՆ-ում աշխատելիս: Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը:
Պարբերականի ձեռքի տակ է հայտնվել Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի փոխնախագահ Դանիել Մուչիի նամակը. բանկը ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգում ներառված 12 բանկերից կարևորագույնն է:
Deutsche Bank-ի ղեկավարությանը հասցեագրված նամակում ասվում է, որ այդ ֆինանսական կառույցը ներկայացրել է ֆինանսական հաշվետվություն, որում կան ոչ ճշգրիտ և կասկածելի տվյալներ: Բացի այդ, Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկը գերմանական բանկին մեղադրում է ոչ բավարար ֆինանսական վերահսկողության և անորակ աուդիտի մեջ: Նամակում ընդգծվում է, որ բանկն այդպես էլ չի վերացրել թերությունները, որոնք նախկինում նրան պարբերաբար ցույց են տրվել:
Նամակը թվագրված է 2013-ի դեկտեմբերին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ: