Վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը այսօր` հուլիսի 22 –ին ուսումնամարզական հավաքի կմեկնի Ծաղկաձոր:
Թիմի կազմում կլինի նաև Եվրոպայի պատանեկան առաջնությունների կրկնակի մրցանակակիր, աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, Նանջինգի պատանեկան ամառային երկրորդ օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Նարեկ Մանասյանը / 81 կգ /: Նրա անձնական մարզիչ, վաստակաշատ Արշավիր Գրիգորյանին խնդրեցինք հակիրճ խոսք ասել իր սանի մասին :
«Նարեկը չափազանց համեստ, աշխատասեր տղա է: Ապրում է Աբովյան քաղաքում և հանդիսանում է Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոնի սան ,-ասաց մարզիչը և շարունակեց,-ունի անհրաժեշտ մրցափորձ և բազմաոճ բռնցքամարտիկ է: Նարեկը ֆիզիկապես ուժեղ և դիմացկուն տղա է, տիրապետում է հուժկու հարվածների: Հավասարապես ուժեղ են երկու ձեռքով կատարած հարվածները: Թիմը Ծաղկաձոր է մեկնում մարզիկների ընդհանուր ֆիզպատրաստականությունը և բարոյահոգեբանական հատկանիշները ավելի զարգացնելու նպատակով»-, ասել է Արշավիր Գրիգորյանը:
Աղբյուրը՝ armnoc.am: