Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Վրաստանում Հայաստանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Վրաստանի ԱԳՆ-ին: «Գրուզիա Օնլայն»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը:
«Իրականում մենք գիտենք, թե ինչ է տեղի ունեցել, ինչից է սկսվել վեճը, սակայն ներկայում տեղի ունեցածի կանխամտածվածության մասին խոսել չենք կարող: Խուլիգանության մասին ևս ոչինչ չենք կարող ասել. դրանով իրավապահ մարմիններն են զբաղվում: Մենք փաստաթուղթ ենք պատրաստել՝ պարզելու համար, թե ինչից է սկսվել այդ խառնաշփոթը»,- ասել է Յուրի Վարդանյանը:
Վրաստանի ՆԳՆ-ը հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը հետաքննում է «ծեծ» հոդվածով, իսկ հայերի Առաքելական Սուրբ եկեղեցու Վրաստանի թեմը պահանջում է, որպեսզի գործը հետաքննեն որպես էթնիկ և կրոնական ատելության հողի վրա հանցագործություն:
Գերատեսչության հայտարարությամբ՝ հետաքննությունը տարվում է «ծեծ» հոդվածով, բայց հետաքննության գործընթացում հոդվածը կարող է վերաորակվել:
«Տվյալ փուլում մենք ասում ենք, որ էթնիկ հիմքով դրդված հանցագործություն չի եղել: Պատճառը եղել է ոչ թե էթնիկ հակասությունը, այլ ավտոմեքենայի կայանումը»,- ասել են Վրաստանի ՆԳՆ-ում: