Ի պաշտպանություն գործարար Լևոն Հայրապետյանի հրավիրված ասուլիսի ժամանակ «Արմենիա» բժշկական կենտրոնի դոկտոր-պրոֆեսոր, Հայրապետյանի բժիշկ Հենրի Ակունցը հայտարարեց, որ նա տառապում է շաքարային դիաբետով, ունի սրտանոթային խնդիրներ, տարել է ինֆարկտ և ինսուլտ, մշտապես ընդունում է դեղորայք, և նման առողջական խնդիրներով նա ոչ մի դեպքում չի կարող մնալ կալանքի տակ:
Բժիշկն ընդգծեց նաև, որ Լևոն Հայրապետյանի հիվանդությունների մասին մյուս տեղեկությունները բժշկական գաղտնիքից ելնելով չի կարող ասել, սակայն հայտարարեց, որ նա պետք է մշտապես գտնվի բժիշկների հսկողության տակ:
Ասուլիսի մյուս բանախոս՝ Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը վերահաստատեց իր այն պնդումը, որ Հայրապետյանի ձերբակալումը Ադրբեջանի պատվերն է: Նա ընդգծեց, որ Ադրբեջանը վաղուց է հետևել Հայրապետյանին, իսկ դրա պատճառն այն է, որ Հայրապետյանը մշտապես հովանավորել է Ղարաբաղի բանակին:
Բացի դրանից՝ Կոմանդոսի պնդմամբ, Ադրբեջանը կարծում է, թե Հայրապետյանը պատրաստվում էր սեփական բանակը ստեղծել:
Ասուլիսին ներկա էր նաև պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանը: Նա էլ թյուրիմացություն որակեց Հայրապետյանի կալանավորումը և հորդորեց քաղաքական ենթատեքստ չփնտրել դրանում: