Saturday, 20 04 2024
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»

Հայաստանը վաճառվեց Ռուսաստանին ինքնարժեքից էժան գնով՝ ոչինչ չստանալով դրա դիմաց. Արթուր Ղազինյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների անկախ կրթական և գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ղազինյանը:

-Պարոն Ղազինյան, տպավորություն է ստեղծվում, որ Ուկրաինայում մալայզիական ինքնաթիռի կործանումից հետո ուկրաինական ճգնաժամը  հակամարտության մի նոր փուլ է թևակոխում՝  արևմտյան առաջնորդները սկսում են Պուտինի հետ խոսել վերջնագրերի լեզվով, սպառնալիքի լեզվով: Ձեր կարծիքով՝  որո՞նք են լինելու տեղի ունեցածի  քաղաքական հետևանքները Ռուսաստանի, ինչու ոչ՝ նաև Արևմուտքի համար:

 -Մենք նախ պետք է ընդունենք, որ արդեն կես տարի ձգվող  այս հակամարտությունը տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից որակվում է տարբեր կերպ: Ռուսաստանը դա որակում է որպես Դոնեցկի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորություն, որը դրսևորվում է նաև ռազմական միջոցներով, իսկ Արևմուտքը դա որակում է որպես անջատողականություն, ահաբեկչություն, անջատողականներ, որոնք դիմում են ռադիկալ մեթոդների՝ իրենց  նպատակներն իրացնելու համար:

Մալայզիական ինքնաթիռի անկումը թերևս կունենա շրջադարձային նշանակություն, այսինքն՝  մենք տեսնում ենք, որ  Ռուսաստանի  և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ Արևմուտքը չի կարողանում մշակել միասնական օրակարգ և միասնական դիրքորոշում:  Մասնավորապես, ԱՄՆ-ն, շփոթված լինելով առաջին մի քանի ամիսների ընթացքում  Ուկրաինայում ընթացող զարգացումներից և չկարողանալով գտնել ադեկվատ արձագանք, որը պետք էր տալ առաջին իսկ օրվանից սկսած, երբ արդեն իսկ  պարզ էր դառնում, որ ընթանում է դեպի զինված հակամարտություն գնացող գործընթաց, փորձում է  գտնել իր արտաքին քաղաքական դեմքը՝ խոսելով   փաստերի լեզվով և իրերը կոչելով իրենց անուններով: Մինչդեռ տեսնում ենք, որ Եվրոպական միության  առաջատար  պետություններն այնքան էլ հակված չեն սինխրոն ոճով խոսելու ԱՄՆ-ի հետ և գերադասում են պահպանել իներտ, չեզոք կեցվածք՝ Ռուսաստանի հետ հարաբերություններին չվնասելու  համար կամ միգուցե հետապնդելով առավել հեռահար նպատակներ, մասնավորապես, հանդես գալ բուֆերի դերում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև՝ դրանով իսկ թույլ չտալով լարվածության էսկալացիա կամ կոնկրետ վտանգ միջազգային  անվտանգությանը:

Մենք տեսնում ենք, որ մալայզիական ինքնաթիռի անկումն ու 298 անմեղ զոհերի առկայությունն արևմտյան քաղաքակրթության պետություններին բերում է մեկ միասնական օրակարգի: Դա նշանակում է, որ Ռուսաստանը հայտնվում է բավականին ծանր վիճակում. երևի թե 2000-ից այս կողմ Պուտինի իշխանության ամբողջ ժամանակաշրջանի աննախադեպ ծանր իրավիճակն է Ռուսաստանի համար: Թե ինչո՞վ դա կավարտվի, այս պահին դժվար է  կանխատեսել: Ամեն դեպքում ես կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է նահանջի, որովհետև որևէ մոտիվացիա, շարունակելու այդ հակամարտությունը, չկա. արդեն իսկ բոլորի համար պարզ է դարձել, որ Դոնեցկում կռվում են, զինված խմբավորումներ են ձևավորում ոչ թե Դոնեցկի բնակիչները, այլ Ռուսաստանից վարձված և  բավականին լավ զինված գրոհայինները, որոնք գալիս են Դոնեցկ, գալիս են Լուգանսկ և այնտեղ այդ անջատողականների  և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն կոչվող անհասկանալի կառույցում հանրաքվեներ են կազմակերպվում, ակնհայտ է, որ ժողովուրդը չի մասնակցում այս գործընթացներին: Հետևաբար, մալայզիական ինքնաթիռի անկման պարագայում մեծ է վտանգը, որ այդ  զինված խմբավորումները կստանան միջազգային ահաբեկչական կազմակերպության  կարգավիճակ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

 -Արևմուտքը կգնա՞, արդյոք, իրական պատժամիջոցների Ռուսաստանի նկատմամբ, եթե նշում եք, որ Արևմուտքը շարժվում է միասնական օրակարգով:

 – Դեռևս չի շարժվում, բայց կսկսի շարժվել, ես ուղղեմ միտքը, որովհետև ԱՄՆ-ն արդեն իսկ սկսել է խոսել  կոնկրետ լեզվով, մասնավորապես կիրառում է պատժամիջոցներ՝ արդեն մտնում է սեկտորալ սանկցիաների ոլորտ, որը, գիտեք, որ բավականին դժվար կացության մեջ կդնի Ռուսաստանի ամբողջական տնտեսական համակարգը, իսկ ԵՄ երկրները պետք է որ միանան ԱՄՆ-ին: Մերկելի վերջերս խստացած տոնը պետք է հուշի Ռուսաստանի նախագահին, որ ժամանակն է սթափվել և արդեն իսկ լրջորեն մտածել ոչ միայն Ուկրաինան թողնելու, այլև Ռուսաստանում կոնկրետ արմատական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ, այլապես վտանգը ոչ այնքան Ուկրաինան է, որքան Ռուսաստանի ամբողջականությունը:

 -Խոսեցիք Ռուսաստանի նահանջի մասին, այնինչ մի շարք փորձագետներ պնդում են, որ Արևմուտքի ստեղծած անկայունությանը Ռուսաստանը կպատասխանի անկայունությամբ Հարավկովկասյան տարածաշրջանում: Դո՞ւք ինչ եք կարծում նման սցենարի հնարավորության մասին:

-Միջազգային միջամտության համար առկա է երեք  հիմնական գործիք՝ ֆինանսական, արժեհամակարգային և ռազմական: Եթե մենք  ուսումնասիրենք Ռուսաստանի գործիքակազմը, ապա կհասկանանք, որ Ռուսաստանը բացի ռազմական միջամտությունից և անկայունության հրահրումից որևէ այլ միջոց ու գործիք չունի երրորդ երկրներում ինտերվենցիա իրականացնելու համար: Մինչդեռ ի հակառակ դրան՝ Եվրոպական միությունը և ԱՄՆ-ն ունեն հստակ  ձևավորած արժեքային համակարգ՝ հասկանալի, ընկալելի ու ընդունելի բոլոր ժողովուրդների համար, ունեն բավականին  հարուստ ֆինանսատնտեսական բազա և կարող են առաջարկել կոնկրետ  ֆինանսական օժանդակություն պետությունների, որոնք գտնվում են ծանր իրավիճակում, իսկ այս պարագայում Ռուսաստանին ոչինչ չի մնում անել, քան  հրահրել կոնֆլիկտներ, սառեցնել դրանք  և դրանց միջոցով ազդել ամբողջ տարածաշրջանային գործընթացների վրա: Ի՞նչ է ներկայումս ձգտում անել Ռուսաստանը. կոնսերվացնել հակամարտությունն Ուկրաինայի հարավում և արևելքում, պահել այն սառեցված վիճակում, զինված խմբավորումներին տալ քաղաքական նշանակություն ու կարգավիճակ, ստիպելով Ուկրաինայի իշխանություններին բանակցությունների մեջ մտնել զինված խմբավորումների հետ, ինչը նշանակում է, որ դա երկարատև գործընթաց է՝ անընդհատ անկայունություն: Այս պայմաններում է Ռուսաստանն ի զորու միայն միջամտել ու ազդել ընթացող  գործընթացների վրա: Կայունության պայմաններում Ռուսաստանը մնում է առանց գործիքի:

Հետևաբար, եթե մենք նույնը պրոյեկտենք Հարավային Կովկասի վրա, ապա  կտեսնենք, որ այստեղ ընթանում  է նույն գործընթացը: Մասնավորապես,  երբ  ԽՍՀՄ-ը փլուզվեց, ստեղծվեցին կոնֆլիկտային տաք կետեր. Վրաստանում մենք տեսանք Աբխազիան ու Հարավային Օսիան, ղարաբաղա-ադրբեջանական գծում արդեն  ԼՂ հակամարտությունը, որը ոչ մի կերպ թույլ չի տրվում կարգավորել, որովհետև ԼՂ խնդրի կարգավորումը նշանակում է Ռուսաստանի հավերժ դուրս մղում Հարավային Կովկասից: Բնականաբար, դա թույլ չի տրվելու, ամեն գնով պետք է պահել հակամարտությունը չկարգավորված վիճակում, իսկ եթե նույնիսկ կարգավորվի, ապա միայն ռուսական  զորքերի անմիջական ներկայության պայմաններում: Այսինքն՝  ՌԴ-ն պետք է ամեն ինչ անի, որպեսզի օր առաջ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղակայի իր խաղաղապահ ուժերը, ինչը կերաշխավորի իր  մշտական ու անմիջական ներկայությունը Հարավային Կովկասում:

-Այսինքն՝ հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ներկայիս լարվածությունը հենց այս ենթատեքստո՞ւմ պետք է դիտարկել:

-Որպես վարկած՝ դա պետք է քննարկել: Այսինքն՝ արժանի է քննարկման, որովհետև թե ինչ մոտիվներ են դրված Ադրբեջանի կողմից այդ ագրեսիայի դրսևորման հիմքում, այս պահին դժվար է ասել, բայց որ դա  փորձեն գոնե օգտագործել ապակայունացման մեջ շահագրգռված պետություններն ու ուժերը, դրանում ես չեմ կասկածում: Այսինքն՝ մենք առաջիկայում կարող ենք սպասել, որ հերթական ապակայունացման ալիք, ինչի ֆոնին արդեն իսկ  կողմերից  ինչ-որ մեկը կդիմի Ռուսաստանին խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցում, իսկ թե որ կողմը կլինի, չեմ կարող ասել: Ամենայն հավանականությամբ, դա կարելի է  սպասել: Եթե մենք տեսնենք նաև Հարավային Կովկասի հարևան պետությունների, մասնավորապես Իրանի դիրքորոշումը, որը դեմ է  երրորդ պետության  զինված ուժերի առկայությանը շփման գծում, ապա կտեսնենք, որ այստեղ  խնդիրը բավականին  կդժվարանա: Այդ հարցն այդքան միանշանակ ու հեշտ չի լուծվի:

-Արևմուտքն ի՞նչ կարող է անել նման իրավիճակում:

-Արևմուտքը թերևս պետք է փորձի պահել խաղաղ բանակցային գործընթացը և հետ պահել Ադրբեջանին կոնկրետ ագրեսիվ գործողություններից, ինչը կարծես մինչ այժմ հաջողվում է, որովհետև Ադրբեջանը, որքան էլ որ լոկալ բնույթի խնդիրներ առաջացնի, լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու ռեսուրս ու հնարավորություն չունի: Դա ոչ թե  այն պատճառով, որ Հայաստանը դաշնակից է  Ռուսաստանին ու ՀԱՊԿ անդամ է հանդիսանում: ՀԱՊԿ-ը թղթի վրա գործող կառույց է  ինձ համար, որովհետև ցանկացած անվտանգության համակարգ իր կշիռը և դերը հաստատում է միայն գործողության ժամանակ, իսկ ՀԱՊԿ-ը դեռևս գործողության մեջ իրեն չի դրսևորել, հետևաբար մենք չգիտենք, թե ինչպիսին կլինի գործողության ժամանակ, բայց կարծել, որ  ՀԱՊԿ-ը կկանգնի ՀՀ-ի կողքին Ադրբեջանի հետ հակամարտության մեջ, խիստ կասկածում եմ, որովհետև ՀԱՊԿ անդամ երկրները, որոնք ունեն իրենց  երկկողմ հարաբերություններն Ադրբեջանի հետ, երբեք չեն համաձայնի այդ միասնական դիրքորոշմանը: Ուստի Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական գործողությունների չդիմելու գրավականը ոչ թե ռուսական ռազմաբազայի ներկայությունն է այստեղ, այլ վտանգը, որ Արևմուտքը կճանաչի ԼՂ անկախությունը, եթե Ադրբեջանը միակողմանիորեն  դուրս գա խաղաղ բանակցությունների գործընթացից և որոշի խնդիրը կարգավորել զինված ճանապարհով, ինչպես որ եղավ Կոսովոյի պարագայում:

-Պարոն Ղազինյան, ընդունված է Ռուսաստանին համարել Հայաստանի անվտանգության երաշխավորը, Ռուսաստանն էժան գներով զենք է վաճառում Հայաստանին, համաշխարհային գներով՝ Ադրբեջանին: Ամեն  դեպքում սա դիտարկվում է որպես ապակայունացնող գործոն: ՀԱՊԿ-ը մեզ չի ապահովում անվտանգությամբ, ՌԴ-ի հետ ունենք ռազմաքաղաքական պայմանագիր, որը ևս ըստ էության չի գործում: Եվ ուրեմն որտե՞ղ են Ռուսաստանի տրամադրած անվտանգության երաշխիքները:

-Փորձենք  հասկանալ, թե ինչ մոտիվ է դրված այդ գործարքի հիմքում՝ քաղաքակա՞ն, թե՞ կոմերցիոն: Հակված եմ մտածելու, որ  դա ունի կոմերցիոն բնույթ: Ինչո՞ւ, որովհետև ծանոթ  լինելով ռուսական establishment-ի էությանն ու բնույթին, նրանց դավանած արժեքների գերակայությունների աստիճանին, կարող եմ հավաստիորեն պնդել, որ այստեղ, եթե կա տարբերակ փող աշխատելու, ապա դա կարվի նույնիսկ ի վնաս պետական շահի, նույնիսկ ի վնաս ազգային շահի, որովհետև այնտեղ գնում է ոչ թե ռազմավարական, այլ տակտիկական գործունեություն: Ռուսական կառավարման կոռումպացված հակամարգի պայմաններում, եթե կա տարբերակ 4 միլիարդ դոլարի գործարք կնքել, կարելի է ենթադրել, որ կան որոշակի ստվերային պայմանավորվածություններ ևս, ուստի այստեղ մենք  գործ ունենք կոմերցիոն բնույթի գործարքի հետ, որտեղ  ոչ մի նշանակություն չունի ՀԱՊԿ-ն  ու Ռուսաստանի կողմից Հայաստանին պաշտպանելու հանձնառությունը, որովհետև նժարին դրված է  երկու բան՝ փող աշխատել և ապահովել Հայաստանի անվտանգությունը: Բնականաբար, նրանց համար առաջնահերթ է առաջին տարբերակը: Երկրորդ տարբերակով կասեն, որ ունեն ռազմական բազա, կտան  զենք ռազմական բազային, և բազայի ներկայությունը կլինի Հայաստանի անվտանգության երաշխիքը:

-Մեկ այլ տեսակետ ևս կա, որն արտահայտել է  ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նշելով, որ Ադրբեջանի ներկայիս ագրեսիվ գործողությունները որոշ չափով կապված են մի կողմից` Եվրոասոցացման գործընթացի վիժեցումից հետո Հայաստանի նկատմամբ Արևմուտքի ցուցաբերած անվստահության, իսկ մյուս կողմից` Եվրասիական միության շրջանակում Հայաստանի դեռեւս անհստակ կարգավիճակի հանգամանքի հետ։ Այսինքն՝ լարվածությունը նա կապել է ՀՀ-ի եվրասիական ինտեգրման ձգձգման հետ:  Դուք տեսնո՞ւմ եք նման կապ:

Ես չէի ցանկանա առաջին նախագահին մեկնաբանել, որովհետև նա ունի իր սեփական պատկերացումը՝ որպես կանոն բավական հիմնավորված և ակադեմիականորեն ապացուցված: Ունեմ իմ սեփական տեսակետը Հայաստանի պարագայում: Հայտնվելով երկու փակ դռների մեջտեղում՝ մենք փաստացի հայտնվել ենք միջանցքում՝ չկարողանալով մուտք գործել ոչ այս, ոչ այն սենյակ, որտեղ որ մենք ներկայումս անցանկալի հյուրեր ենք: Պետք  է ընդունենք, որ սեպտեմբերի 3-ից սկսած ՀՀ լիիրավ անդամակցությունը ԵՏՄ-ին ցանկալի չէ, ցանկալի է գործընթաց, ցանկալի է սուվերեն իշխանության փոխացնում Ռուսաստանին, ինքնիշխանության սահմանափակում, ամեն ինչ ցանկալի է, բայց ոչ վերջնական անդամակցություն  ԵՏՄ-ին:

Ի՞նչ է դա տալու Եվրասիական տնտեսական միությանը: Տնտեսության առումով մենք չենք կարողանալու որևէ օգուտ տալ, բացի այդ՝ մենք ունենք խնդիրներ ԼՂ-ում, մենք  ունենք խնդիր Թուրքիայի հետ փակ սահմանի տեսքով և այս խնդիրների մեծ բեռով մտնել Եվրասիական միություն, նույնն է,  թե մենք բեռը փորձենք  դնել այդ երեք պետությունների վրա: Մասնավորապես  Բելառուսը և Ղազախստանը շատ լավ հասկանում են, որ ՀՀ-ն տնտեսական  ազդեցություն չի կարող բերել ԵՏՄ-ին, իսկ ՌԴ-ի ձգտումը ՀՀ-ին վերցնել ԵՏՄ կազմ, պայմանավորված  է մեկ պայմանով, այն է՝  2-ը 2-ի հարաբերակցություն քվեարկությունների ժամանակ: Այսինքն՝ Բելառուսին և Ղազախստանին փաստացի հաջողվում է շատ դեպքերում ռացիոնալ դաշտ բերել Ռուսաստանի չափից դուրս  ընդգծված հավակնությունները: իսկ Հայաստանի անդամակցության  պարագայում Հայաստանն ինքնուրույն որոշում չի կայացնելու, կարելի  է ենթադրել արդեն, որ պետք է առաջնորդվի Կրեմլից եկած հրահանգներով: Դա նշանակում է, որ երկու երկրները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Հայաստանը չմիանա ԵՏՄ–ին, ինչը և մենք կանխատեսում էինք առաջին  իսկ օրվանից, որ սա մի գործընթաց է, որը միգուցե կսկսվի, բայց հուսալ, թե կհասնի տրամաբանական ավարտին, ես թերևս այդքան լավատես չեմ: Մեկ այլ  նպատակ ևս  դա հետապնդում է, որի մասին ես ինքս խոսել եմ՝ Ուկրաինային պետք էր ցույց տալ, որ Արևելյան գործընկերություն այլևս գոյություն չունի, որովհետև օրակարգը, որ նախատեսվում էր Վիլնյուսում իրացնել,  չստացվեց, փաստացի 6 երկրներից 3-ն արդեն չկան այդ օրակարգում՝ Ուկրաինայի բացակայության պարագայում քանդվում էր  ամբողջ ԱլԳ-ն: Մյուս կողմից՝ ՀՀ-ն  ԵՄ-ի հետ համագործակցության հարցում անցել էր  կարմիր գիծը: Պետք էր հետ բերել կարմիր գծից և ուրեմն հնարավորինս նվազեցնել միջազգային վարկանիշը՝ ինքնուրույն սուբյեկտի կարգավիճակից զրկելով Հայաստանին, թույլ չտալով խոսել որպես  ինքնուրույն սուբյեկտ և նպատակին իրենք փաստորեն հասան. սկսվեց ՄՄ անդամակցություն  կոչվող գործընթացը, որն  ինձ համար անհասկանալի  գործընթաց է,  ճանապարհային քարտեզ փորձեցին մշակել, բայց դա ընդամենը գործողությունների ծրագիր ու ժամանակացույց է, դա ՃՔ որակել  պարզապես չի կարելի, որովհետև Հայաստանում ես չգիտեմ որևէ գիտական ինստիտուտ, որն ի զորու կլինի մշակել  այդ ՃՔ-ն կամ կատարել այնպիսի  ոլորտային տնտեսական հաշվարկներ, որոնք կապացուցեն տնտեսապես Հայաստանի ԵՏՄ անդամակցության  հեռանկարն ու օգտակարությունը: Չկա որևէ  հաշվարկ, դա հնարավոր չէ անել: Ակնհայտ է, որ Հայաստանը ներմուծման  և արտահանման հավասարակշռության մեջ եվրասիական երկրների հետ բավականին փոքր ծավալներ ունի, տնտեսապես դա պարզապես հնարավոր չէ հիմնավորել և չեն էլ փորձում: Հիմնական հիմնավորումը, որ մենք տեսնում ենք, գնում է այստեղ, անվտանգություն է, շեշտը դրա վրա է դրվում: Բայց ի՞նչ անվտանգության մասին է խոսքը, երբ մեր բոլոր տնտեսական, քաղաքական, սոցիալական, մշակութային, իրավական ոլորտները հանձնել ենք մեկ կենտրոնի՝ հնարավորություն  չունենք այլևս հավասարակշռելու, հակակշռելու, դա անվտանգություն չէ, դա արդեն վտանգ է: Երբ  ամբողջությամբ հանձնվում ես մեկ պետության  ու ասում՝ իմ փոխարեն որոշիր ամեն ինչ. կորոշի, առանց  վայրկյան անգամ մտածելու կորոշի: Եթե որոշեց, որ պետք է այլևս մտածել Ադրբեջանին ԵՏՄ բերելու մասին, ապա նա գինը կվճարի՝ նորից  էլի մեր հաշվին: Ամեն դեպքում գին ունի Ադրբեջանը, փաստացի Հայաստանը վաճառվեց Ռուսաստանին ինքնարժեքից ավելի էժան գնով՝ ոչինչ չստանալով դրա դիմաց: Եթե մենք հիշենք խոստումները, որ տալիս էին մեզ, ի՞նչ է  կատարվել, ոչինչ , հուսանք կկատարվի, չի կատարվելու, որովհետև Ռուսաստանի տնտեսական վիճակը կվատանա օրեցօր. գումարները կնվազեն, կպակասեն,  Ղրիմը հայտնվեց որպես դոտացիոն ռեգիոն, բանականաբար, Հայաստանի  համար նախատեսված գումարներն  այլևս ակտուալ չեն:Ինչի համար անել դա՝ իրենք չունեն այս հարցի պատասխանը։ Եթե Հայաստանը դիմադրեր, չհամաձայներ, փորձեր ընդդիմանալ, միգուցե գին կունենար, կփորձեին  ինչ-որ բան վճարել, որպեսզի Հայաստանին վերցնեին, իսկ մենք միանգամից համաձայնեցինք առանց երկար մտածելու, առանց  հաշվարկելու, իսկ հիմա Ադրբեջանը փաստացի բավականին բարձր գին է ներկայացնում և այդ գինը կկարողանա վճարել Ռուսաստանը, ես շատ խիստ կասկածում եմ:

-Եթե պնդում եք, որ Հայաստանը չի միանա Եվրասիական տնտեսական միությանը, ապա հնարավորություն կունենա՞   վերադառնալ ասոցացման օրակարգին: Օրինակ՝ օրերս Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության ղեկավարը տեղեկացրեց, որ  առանցքային ԵՄ երկրների ներկայացուցիչներ աջակցում են Հայաստանի ասոցացման գաղափարին, հնարավո՞ր է առաջիկայում ևս մեկ բեկում տեղի ունենա, և Հայաստանը վերադառնա  ասոցացմանը, թե՞ Ռուսաստանը կփորձի պահպանել Հայաստանի ներկայիս կարգավիճակը:

 -Ինձ համար դժվար է կանխատեսել և ասել, թե որքանով ԵՄ պետությունների ղեկավարները կվստահեն Հայաստանի հետ հետագա  քաղաքական  երկխոսություն ծավալելու  հարցում, որովհետև  այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ին, իրենց պետք է որ ազդակ լիներ, որ ՀՀ-ի հետ երկարաժամկետ հույսեր կապել պետք չէ: Նույնը կարող ենք  ասել Ռուսաստանի պարագայում:  Այնտեղ էլ ասացինք, որ այո, մենք կմտնենք, բայց թե ինչ կլինի դրա արդյունքում, ես չգիտեմ:

-Ինչ կարող են անել այս իրավիճակում Ռուսաստանի արբանյակները, այդ թվում՝ Հայաստանը: Չէ՞ որ ենթադրելի է, որ իր համար բարդ իրավիճակում Ռուսաստանը բոլոր հարթակներում, որպես աջակից, փորձելու է դիմել արբանյակ երկրների աջակցությանը: Հնարավո՞ր է  խուսափել այդ սուր անկյուններից, պատժամիջոցների ուղիղ ազդեցությունից:

-Պատժամիջոցները Հայաստանի նկատմամբ ուղիղ ազդեցություն չեն ունենա, դրանք ուղղված կլինեն Ռուսաստանի դեմ: Մենք գիտենք, որ հունվարի 1-ից «Ռոսնեվտ» ընկերությունը մուտք է գործում հայկական շուկա, իսկ այդ ընկերության նկատմամբ ԱՄՆ-ն արդեն իսկ կիրառել  է պատժամիջոցներ, դա նշանակում  է, որ կարող ենք սպասել մեզ հետ կապված որոշակի խնդիրներ, բայց ոչ թե  Հայաստանին, այլ Հայաստանում գրեթե մոնոպոլ դիրքերում հայտնվող  «Ռոսնեվտ» ընկերության պարագայում: ՄԱԿ-ում մենք ունեցանք վատ նախադեպ Հայաստանի քվեարկությամբ՝ Ղրիմի պարագայում, տեսանք, որ ՀՀ-ն այն 11 պետություններից մեկն էր, որ քվեարկեց հօգուտ Ռուսաստանի: Թե ինչպես կձևավորվի իրավիճակը ներկայումս, ես այս պահին դժվարանում եմ ասել, բայց հուսամ, որ ՀՀ-ին կհաջողվի դուրս գալ  ճնշման տակից և քվեարկության հիմքում դնել ոչ թե այլ պետության շահերին չհակասելն, այլ սեփական  շահերով առաջնորդվելը: Հնարավորությունը մեկն է՝ պետք է  վերականգնել ինքնիշխանությունը, որոշումների կայացման հիմքում դնել միայն պետական շահի մոտիվացիան, առաջնորդվել միայն  ազգային շահերով: Ինչ խոսք, պետք է նաև հաշվի առնել ռազմավարական գործընկերների շահերը, բայց միայն հաշվի առնել և չառաջնորդվել: Եթե մենք ուշադրություն դարձնենք վերջին 20 տարիներին, ապա ՌԴ-ն հետևողականորեն կորցնում է  իր ազդեցության   ոլորտները նախկին ԽՍՀՄ տարածքում. Վրաստան, այնուհետև  Ուկրաինա, Մոլդովա, չեմ խոսում Մերձբալթյան երկրների մասին, որոնք  վաղուց են գտնվում ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի  կազմում: Ի՞նչն է այս ամբողջի պատճառը: Պետք է հասկանալ, որ ՌԴ-ի  անհետևողական արտաքին քաղաքականությունը և մեր նկատմամբ ունեցած  թելադրանքի քաղաքականությունը և միակողմանի շահի հետապնդման մոտեցումն ի վերջո հանգեցնում է հիասթափության: Մարդիկ լավ հիշողություններով երկար չեն  դիմանում, ի վերջո գալիս է  ժամանակ, որ պետք է կոնկրետ հաշվարկել՝ արդյոք մեզ պետք է  շարունակել այդ ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ, թե ոչ: Գուցե դա մեզ  կտա առիթ խորհելու, թե որքանով է այդ երկկողմ հարաբերությունների մեջ հաշվի առնվում  երկու պետությունների շահերը, արդյոք Հայաստանը շահում է  այդ համագործակցությունից, թե ոչ: Սրանք հարցեր են, որ մենք  պետք է  գտնենք այդ հարցերի պատասխանը:  Եվ Ռուսաստանը պետք է վերաիմաստավորի անցյալը և փորձի նոր քաղաքականություն մշակել իր հարևան երկրների նկատմամբ. հարկադրանքով ժողովրդին չես պահի  կառավարման տակ, դա պացուցեց Վրաստանը, ապացուցեցին Ուկրաինան և Մոլդովան: Այսինքն՝ ապացույցը, որ պետք է ժողովրդի հետ խոսել, հասկանալ ժողովրդի պահանջները, հասկանալ, թե  ինչ է ակնկալում ժողովուրդը այդ պետությունից, միայն իշխանության հետ լավ հարաբերություններ պահպանելը, մենք տեսանք ու համոզվեցինք, որ   բավարար չէ, որ ժողովուրդը գործոն է, որն ինչ-որ մի պահի ցույց կտա իր ուժը: Դա պետք է հաշվի առնել:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում